Հ Ի Մ Ն Վ Ե Լ Ո Վ              արտաքին և ներքին մարտահրավերներին դիմակայուն կարգերի ձևավորման և դրանք հօգուտ ազգային առաջընթացի օգտագործման առաջնայնության վրա,

Ա Զ Դ Ա Ր Ա Ր Ե Լ Ո Վ     բարդացող և համալիր արտաքին ու ներքին միջավայրերում մարտահրավերների արագացող կերպափոխումները և ընդհանրապես՝ փոխկապվածությամբ պայմանավորված գործընթացների արագացումները,

Յ Ո Ւ Ր Ա Ց Ն Ե Լ Ո Վ      արտաքին և ներքին կառուցակարգերի փոփոխությունների առանձնահատկությունները, դրանց անցումների օրինաչափություններն արագ փոփոխվող միջավայրերում և այդ ամենը հօգուտ ազգային առաջընթացի օգտագործելու հմտությունները՝

Հ Ռ Չ Ա Կ ՈՒ Մ   Ե Ն Ք

Մարդու անհատական, հասարակականև համամարդկային

դերն ու նշանակությունը հստակեցնող,

Հայկական հասարակությունում քաղաքացու իրավունքների

բովանդակային հիմքը որոշակիացնող,

Հայկական պետականության որակը ձևավորող,

Հայկական քաղաքակրթական ուղենիշը բացահայտող,

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ՀԻՄՔԵՐԸ

Ի Ն Ք Ն Ի Շ Խ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(Հ Ա Վ Ա Ք Ա Կ Ա Ն   Գ Ի Տ Ա Կ Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն)

Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա ինքնիշխան (հզոր) պետականության (ազգային/հասարակական ինքնուրուն հավաքական գիտակցության) բոլոր որակները, որպեսզի կարողանա ընտրության մեջ սահմանափակված չլինել արագ, հաճախ՝ արագացումներով զարգացող արտաքին և ներքին միջավայրերի մարտահրավերների դիմագրավող, բարձր դիմակայություն ունեցող հասարակական կարգ ձևավորելիս։

Ազգի, հասարակության հավաքական գիտակցության արտահայտման բարձրագույն ձևը պետական ինքնիշխանության դրսևորումն է՝ որպես ազատ արարելու, ազգային նպատակներն ազատորեն որոշակիացնելու և դեպի այդ նպատակները գնալու ճանապարհին ազգային ներուժը բացահայտելու, զորեղացնելու և կենսագործելու գրավական։

Ինքնիշխանությունը ընդգծում է պետական իշխանության անկախությունն արտաքին հարաբերություններում և գերակայությունը ներքին հարաբերություններում։ Հենց այդ նպատակադրությամբ ինքնիշխանությունը ներառում է առաքինության և գիտելիքի հիման վրա խարսխված ուժեղ և ինքնաբավ տնտեսությունը, առողջ և դինամիկ քաղաքական համակարգը, քանակապես աճող, գիտակցությամբ շարունակաբար հասունացող բնակչությունը, մարմնով և հոգով առողջ քաղաքացիները, նրանց կամքն արտահայտող ինքնակազմակերպման արդյունավետ կառուցակարգն՝ ի դեմս բովանդակ ժողովրդավարության և այլն։

Այս բոլոր պայմանների առկայության պայմաններում է հավաքական գիտակցությունն ազատորեն ինքնարտահայտվելու հնարավորություն ստանում՝ որպես պետականությամբ արտահայտվող ազգային աճող  ինքնիշխանություն։     

Եթե պետությունն ինքնիշխանության բարձր մակարդակ չունենա և չկարողանա ազատ ընտրություն կատարել միջոցների և գործիքների բնագավառում, բարձր դիմադրողականություն ունեցող և ազգային առաջընթացն ապահովող կարգի ձևավորման հնարավորությունը թվացյալ կլինի կամ առնվազն կնվազի։

Ի Ր Ա Վ Ա Կ Ա Ր Գ

(Օ Ր Ե Ն Ք  ԵՎ  Կ Ա Ր Գ)

Օրենքի՝ օրինապահության հիման վրա ձևավորված կարգն առաջնային, անհրաժեշտ, միակ և անփոխարինելի ճանապարհն է հասարակության բոլոր անդամների անհատական և խմբային շահերի համադրման և հավասարակշռման միջոցով անձնական երջանկության, հասարակական համակեցության ներդաշնակության ձեռքբերման, առաջընթացի ապահովման և ազգային առաքելության կենսագործման համար։

Օրենքը, որի հիման վրա ձևավորվում է կարգը, պետք է արտահայտի իրավունքի էությունը և արժեքը՝ որպես մարդու հիմնարար ազատությունների, այդ ազատությունների հավասար բաշխման և արդարության դրսևորում։

Մարդու հիմնարար ազատությունները (ազատություն վախից, ազատություն կարիքից, զարգանալու ազատություն և ինքնաիրացման ու արարման ազատություն) կազմում են իրավունքի էությունը և արժեքը։

Այդ ազատությունների համահավասար բաշխումը հասարակության անդամների միջև նշանակում է դրանցից հավասար օգտնվելու հնարավորություն այն մակարդակի, քանի դեռ դա չի կատարվում մեկ այլ անձի ազատությանկամ ազգային ու պետական շահի  հաշվին։

Իրավունքն արտահայտում է հասարակական գիտակցության մակարդակում արդարության ընկալումը՝ խարսխված ազգային և համամարդկային արժեհամակարգի և շարունակական զարգացում ապահովման անհրաժեշտության վրա։

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ։ ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ։      

Իրավակարգի կենսագործումը անհնար է, եթե հասարակությունն ու նրա անդամները չեն դիտարկում այն որպես բարոյական պարտքի դրսևորում, հայրենասիրության բարձրագույն մակարդակ, որի պայմաններում արտահայտվում է հասարակական համակեցությունն ու անհատական նվիրումն  ազգային գործին և ազգի քաղաքակրթական առաքելությանը։

Օրինապահությունը պետք է զարգացնել այն մակարդակի, որ այն մարդկանց կողմից գիտակցվի որպես բարոյական պարտավորություն, իսկ հակառակ վարքագիծը՝ որպես անձնական և հասարակական մակարդակում բարոյապես պարսավելի։ 

Օրինապահությունը պետք է զարգացնել այն մակարդակի, որ դրա երաշխավորը դառնա ոչ այնքան պետաիշխանական առաջացրած հետևանքները, այլ հանրային գիտակցությունն ու մարդու խիղճը։

Օրինապահության հակառակ վարքագիծը պետք է դիտարկել որպես անմիջական խոչընդոտ անձնական երջանկության ձգտման, անձնական և հանրային մակարդակում առաջընթացի ապահովման, հայրենասիրության, ազգային իղձերի և առաքելության կենսագործման ճանապարհին։

Հայ մարդն ու հանրությունը պետք է գիտակցեն, որ հայերնասիրությունը գործնականում արտահայտելու ամենաարդյունավետ ճանապարհն օրինապահությունն է, որովհետև օրինապահության միջոցով է հնարավոր ապահովել իրավակարգը, իսկ վերջինս սոցիալական քաոսից, անկարգավորվածությունից դեպի կարգ ու կանոն և հետևաբար՝ դեպի ազգային քաղաքակրթական առաքելություն տանող ճանապարհն է։

Ա Ն Վ Տ Ա Ն Գ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(Պ Ե Տ Ա Կ Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն   Պ Ա Շ Տ Պ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն)

Հաշվի առնելով պատմական, աշխարհագրական և այլ գործոնները՝ Հայոց պետականության արդյունավետ գոյության և զարգացման առաջնային խնդիրը եղել և շարունակում է մնալ հայ ազգի ֆիզիկական անվտանգության ապահովումը։

Այդ տեսանկյունից պետականապահպանման առաջնային գործոնը եղել և շարունակում է մնալ անվտանգության համակարգի ապահովումը և պետականության ներքին ու արտաքին դիմադրողականության շարունակական աճն ու կատարելագործումը։

Հայոց բանակը՝ որպես հայ ազգի ֆիզիկական գոյության երաշխավոր, պետական և ազգային հոգածության առաջնային գործոն համարվելով, իր մշտաան անդադար կատարելագործմամբ պետք է միշտ պատրաստ լինի հաջորդ սերնդի պատերազմներին։ Լինելով շրջապատված մեծաքանակ և հիմնականում թշնամական տրամադրված ազգերով, որոնք զարգացնում են տեխնոլեգիաների և մարդկային ռեսուրսի հիման վրա ձևավորված բանակներ՝ Հայոց բանակը շեշտը պետք է դնի փոքր, սակայն համազգային ռեսուրսներով արդյունավետ մարտավարություն ու ռազմավարություն վարելու և մի քանի քայլ առաջ լինելու մարտավարությունը՝ տեխնոլոգիական և արհեստավարժ մարդկային գործոնների հիման վրա խարսխված։

Անվտանգության համակարգը չպետք է սահմանափակված լինի տարածությունով և պետությունների սահմաններով։ Հայկական իրավապահ համակարգի և հատուկ ծառայությունների ճկուն և կատարելագործվող կառուցվածքները պետք է լուծեն ՀՀ քաղաքացու, հայ ազգի և հայկական քաղաքակրթության ծիրում գտնվող անձանց անվտանգությանը վերաբերող բոլոր հարցերը աշխարհի բոլոր ծայրերում։    

Չպետք է լինի ՀՀ քաղաքացու, հայ ազգի և հայկական քաղաքակրթության ծիրում գտնվող անձանց նկատմամբ հնարավոր որևէ ոտնձգություն, որը կանխատեսված և կանխված չպետք է լինի։ Իսկ հնարավոր ձախողման դեպքում չպետք է լինի ոտնձգություն կատարած անձ կամ պետություն, որը չենթարկվի պատասխանատվության կամ այլ անբարենպաստ հետևանքների նման արարքի համար։

Հայ մարդու՝  ՀՀ քաղաքացու, հայ ազգի և հայկական քաղաքակրթության ծիրում գտնվող անձանց անվտանգությունը պետք է երաշխավորված լինի կատարելապես Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ նրա սահմաններից դուրս՝ հնարավորինս առավելագույն մակարդակի։

Ա Ր Դ Ա Ր Ա Դ Ա Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(Պ Ե Տ Ա Կ Ա Ն Ա Կ Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն   Ե Ր Ա Շ Խ Ա Վ Ո Ր ՈՒ Մ)

Պետականորեն կազմակերպված հասարակությունում առաջացող վեճերը պետք է լուծվեն բացառապես օրենքի միջոցով արտահայտված իրավունքի հիման վրա արդարադատության իրականացման միջոցով։

Հայկական պետականության էությունը և սոցիալական նշանակությունը, հասարակական կյանքի կազմակերպման կայունությունը, արդարության ու հավասարության երաշխիքային ապահովությունը դրսևորվում է արդարադատության միջոցով՝ որպես ազգային համակեցության ապահովման և միասնականության ամրապնդման գործուն խթան։    

Որպես պետականության ողնաշարային գործառույթի կրող՝ արդարադատության կառուցակարգը պետք է ունենա վեճերի լուծման արդյունավետության բարձր մակարդակ, որպեսզի որևէ կերպ չստվերվի այդ կառուցակարգով գործնականում իրավակարգի արտահայտման սոցիալական նշանակությունը և պետականության էությունը։ 

Պետականակերտման գործառույթը պատկանում է գրեթե բոլոր պետական և հասարակական կառուցակարգերին, սակայն արդարադատության կառուցակարգն է, որ այն ամբողջացնում և ավարտուն գործընթաց է դարձնում վեճերի լուծման իր մշակույթով և տված արդյունքով։

Այդ տրամաբանությամբ էլ պետականության երաշխավորման բեռի հսկայական պատասխանատվությունը կենտրոնանում է արդարադատության վրա՝ որպես մարդու կյանքում առաջացող խնդիրներին արդար լուծում տվող պետականության գոյության նշանակություն։

ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆ

ԱՌ ԱՅՆ, ՈՐ

  • Հայոց պետականության՝ որպես հայկական քաղաքակրթական ծիրում գտնվող և/կամ միևնույն հանրույթում ապրող մարդկանց քաղաքական կազմակերպություն, շարունակ գտնվելու է արագացումներով զարգացող արտաքին և ներքին համալիրություն ունեցող միջավայրերում, որոնք ուղղակի կամ անուղղակի ձգտելու են թուլացնել Հայոց պետականության դիմակայունությունն այնքան ժամանակ, մինչև այդ պետականությունը չձևավորի բոլոր հնարավոր մարտահրավերներին դիմադրելու բարձր մակարդակ և մյուս համակարգերի համեմատ զգալի առավելություն ունեցող, սոցիալական ժամանակը և համալիրությունը կառավարելուն ունակ կառուցվածքներ։
  • Այդ կառուցվածքների առկայությունն ամբողջանում է ԿԱՐԳ հասկացության մեջ, որն ամփոփում է հասարակական, պետական, իրավական և մարդկային հարաբերությունները կազմակերպող այլ հնարավոր կարգեր։ Միայն այդ կառուցվածքներն ամբողջացնող կարգ ունենալու պարագայում Հայոց պետականությունը կարող է ակնկալել փոխշահավետ համագործակցություն արտաքին այլ պետական և ոչ պետական համակարգերի ու կառուցվածքների հետ։
  • Նման կարգ ձևավորելու, ազատորեն միջոցներ և գործիքներ օգտագործելու հնարավորություն կարող է ունենալ ինքնիշխանության աճող մակարդակ ունեցող պետականությունը։
  • Նման կարգ սահմանելու ամենաարդյունավետ միջոցն օրենքում ամրագրված իրավունքն է՝ որպես համընդհանուր և համապարտադիր վարքագիծ սահմանող և պետաիշխանական հարկադրանք կիրառելու հնարավորություն ունեցող միջոց։
  • Բոլոր քաղաքացիները, հասարակական միավորները, պետական իշխանություն կրող բոլոր մարմինները պետք է գիտակցեն, որ հասարակությունում ոչ մի անձ չի կարող ունենալ երաշխավորված երջանկության ձգտման հնարավորություն, անձնական և հասարակական մակարդակում առաջընթացի ապահովում, ազգային իղձերի և առաքելության կենսագործում, եթե հաստատված չլինի օրենքի գերիշխանությամբ ձևավորված կարգ, որտեղ վարքագծի կանոնները համապարդատիր և կանխատեսելի են բոլորի համար։
  • Կարգի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է օրենքում ամրագրված իրավունքը բարձրացնել մարդու և հանրության գիտակցության մեջ՝ որպես բարոյական պարտավորություն, որպես միակ հնարավոր և արդյունավետ միջոցը սեփական երջանկության ապահովման, անձնական և հասարակական մակարդակում առաջընթացի ապահովման, հայրենասիրության դրսևորման, ազգային իղձերի և առաքելության կենսագործման ճանապարհին։
  • Պետականության պաշտպանությունը հայ ազգի դարավոր մարտահրավերն է եղել։ Հետևաբար ժողովրդագրական, աշխարհագրական ու պատմական առանձնահատկություններից ելնելով՝ անվտանգության համակարգը՝ բանակով, իրավապահ համկարգով և հատուկ ծառայություններով հայ մարդու՝ ՀՀ քաղաքացու, հայ ազգի և հայկական քաղաքակրթական ծիրում գտնվող անձանց ֆիզիկական գոյության առաջնային երաշխավորն է եղել և շարունակում մնալ։
  • Բանակն՝ իր շարունակական կատարելագործմամբ և միշտ հաջորդ սերնդի պատերազմին պատրաստվելով,  իրավապահ համակարգն՝ իր արհեստավարժությամբ և հատուկ ծառայություններն՝ իրենց ճկունությամբ և ամենատես աչքով ու ամենակարող ձեռքերով, եղել և շարունակում են մնալ Հայոց պետականության պաշտպանության առաջնային կառուցակարգերը։ 
  • Հայկական պետականության առանձնակատություններից է նաև այն, որ դրանում հայ մարդը ձգտում է փնտրել և գտնել արդարությունը, իսկ արդարության բացահայտման ամենից արդյունավետ ճանապարհը արդարադատությունն է՝ որպես հայկական պետականակերտման ողնաշար համարվող արդարադատության կառուցակարգի գործառույթ։
  • Արդարադատությամբ ամբողջանում և ավարտուն տեսք է ստանում պետականակերտման գործընթացը՝ որպես հարատև զարգացող և կատարելագործվող ճանապարհ։

(Visited 5 times, 1 visits today)

Comments are closed.

Close Search Window