Հ Ի Մ Ն Վ Ե Լ Ո Վ մարդու էության հասունացման և գիտակցության զարգացման՝ լուսավորության առաջնայնության վրա,
Ա Զ Դ Ա Ր Ա Ր Ե Լ Ո Վ ազգային և համամարդկային մակարդակում մարդու դերի և հնարավորությունների ընդարձակման առաջնահերթությունը,
Յ Ո Ւ Ր Ա Ց Ն Ե Լ Ո Վ մարդ արարածի մշակութային կատարելագործման ազգային և համամարդկային փորձը՝
Հ Ռ Չ Ա Կ ՈՒ Մ Ե Ն Ք
Մարդու անհատական, հասարակական և համամարդկային
դերն ու նշանակությունը հստակեցնող,
Հայկական հասարակությունում քաղաքացու իրավունքների
բովանդակային հիմքը որոշակիացնող,
Հայկական պետականության որակը ձևավորող,
Հայկական քաղաքակրթական ուղենիշը բացահայտող,
ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆՈՒԹՅԱՆ
(ՄԱՐԴՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ)
ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Կ Ր Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա ստանալու մինչև իրեն և իր կյանքի ընթացքում մարդկության բացահայտած և կուտակած գիտելիքները։
Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է ապահովի կրթության մատչելիությունը և մշտականությունը՝ պարտադիր, ցանկալի և ազատ մակարդակներով, ինչպես նաև տեղեկատվության փոխանցման ինստիտուցիոնալ կամ ոչ ինստիտուցիոնալ եղանակներով։
Հայաստանի Հանրապետությունում առաջնային է յուրաքանչյուր քաղաքացու շարունակական կրթության գործընթացը։
Դ Ա Ս Տ Ի Ա Ր Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա ազգային և համամարդկային հոգևոր զարգացմանը համահունչ ստանա հոգևոր և բարոյական դաստիարակություն։
Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է ապահովի միջանձնային, հասարակական, պետական և այլ բնույթի հարաբերություններում հոգևոր և բարոյական զարգացման մատչելիություն և մշտականությունը՝ պարտադիր, ցանկալի և ազատ մակարդակներով, ինչպես նաև տեղեկատվության փոխանցման ինստիտուցիոնալ կամ ոչ ինստիտուցիոնալ եղանակներով։
Գ Ի Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում և ապահովվում է կազմակերպված գիտելիքի՝ գիտության շարունակական զարգացումը և յուրաքանչյուր մարդու՝ այդ գիտելիքի զարգացմանը մասնակցելու և դրանից օգտվելու հնարավորությունը։
Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր մարդու համար պետք է ապահովի գիտության ձեռքբերումները յուրացնելու, իր բացահայտած կամ ստեղծած գիտելիքը պաշտպանելու և գիտությունը զարգացնելու հնարավորությունը։
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է գիտելիքը՝ որպես հայ ազգի ներուժի առաջնային պաշար։
Ա Ր Վ Ե Ս Տ
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում և ապահովվում է յուրաքանչյուր քաղաքացու գեղագիտական (էսթետիկ) զարգացման հնարավորությունը՝ արվեստի հնարավոր դրսևորումների զարգացման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելով և պահպանելով պետության հոգածության ներքո։
Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնում նպաստելու արվեստի զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու, արվեստի ստեղծագործությունների, դրանց հեղինակների մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բոլոր մարդկանց շրջանում արվեստի տարածման ուղղությամբ։
ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆ
ԱՌ ԱՅՆ, ՈՐ
- Հայոց պետականության՝ որպես հայկական քաղաքակրթական ծիրում գտնվող և/կամ միևնույն հասարակությունում ապրող մարդկանց քաղաքական կազմակերպության գոյության իմաստն ու առաքելությունը մարդու անհատական և կոլեկտիվ ներուժի հայտնաբերումն է, նրա շարունակական և բազմակողմանի զարգացումը և հայ ազգին ու մարդկությանն այդ զարգացման արդյունքներով հարստացնելը։
- Կրթությունը, դաստիարակությունը, գիտությունն ու արվեստը մարդու, ազգի և մարդկության լուսավորության բազմակողմանի և ներդաշնակ զարգացման աղբյուրներն են, սկզբունքային ճանապարհները, որոնցով ապահովվում է մարդու, ազգի և մարդկության էութենական հասունացումը։
- Սոցիալ֊պատմական, իրավաքաղաքական, ֆինանսատնտեսական և աշխարհաքաղաքական տարբեր գործոններ դանդաղեցրել և երբեմն կասեցրել են հայ մարդու և հայ ազգի անհատական և կոլեկտիվ զարգացման հնարավորությունները, խոչընդոտել անհատական մակարդակում ներուժի հայտնաբերումն ու զարգացումը, ինչպես նաև ազգային մակարդակում այդ ներուժի կենսագործումը։
- Առանձին հասարակությունների և ազգային միավորների շրջանակներում դրսևորված և զարգացած հայ մարդու ներուժը բազմիցս օգտագործվել է այլ քաղաքակրթական միավորների և մարդկության զարգացումը սնելու և երբեմն՝ պայմանավորելու ուղղությամբ։ Ժամանակն է եկել, որ հայ մարդու և հայկական քաղաքակրթական ծիրում գտնվող յուրաքանչյուր մարդու ներուժի հայտնաբերումն ու զարգացումը համարվի հայկական պետականության գործունեության առաջնահերթություն և առաջնային աղբյուր՝ Հայաստանի Հանրապետության և Հայկական քաղաքակրթության զորեղացման համար։