Հ Ի Մ Ն Վ Ե Լ Ո Վ   հայ ազգի էության քաղաքակրթական հասունացման գործընթացի օրինաչափության վրա,

Ա Զ Դ Ա Ր Ա Ր Ե Լ Ո Վ     համամարդկային քաղաքակրթության, մարդու և նրա հնարավորությունների կատարելագործման գործում հայ ազգի ուրույն դերն ու առաքելությունը,

Յ Ո Ւ Ր Ա Ց Ն Ե Լ Ո Վ      այլ հանրույթների կողմից մշակած և զարգացրած մշակութային ու քաղաքակրթական հասունացման ուղիներն ու ձեռքբերումները, համադրելով դրանք ազգայինի հետ և հարստացնելով համամարդկային քաղաքակրթական փորձը՝

Հ Ռ Չ Ա Կ ՈՒ Մ   Ե Ն Ք

Մարդու անհատական, հասարակականև համամարդկային

դերն ու նշանակությունը հստակեցնող,

Հայկական հասարակությունում քաղաքացու իրավունքների

բովանդակային հիմքը որոշակիացնող,

Հայկական պետականության որակը ձևավորող,

Հայկական քաղաքակրթական ուղենիշը բացահայտող,

ԱԶԳԱՅԻՆ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ

Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Շ Ա Հ

Ունենալով հստակ հորիզոն, նպատակներ՝ ավելի է հստակեցվում անհատի, հասարակության, պետության և ազգի օրակարգը, ավելի ճանաչելի և իմաստավորված է դառնում ազգի անցյալը, նրա անցած ճանապարհը։

Բոլոր ուղղություններով ժամանակը և տարածությունը ընկալվում են ոչ միայն որպես օբյեկտիվ իրականություն, այլ նաև որպես կառավարելի միջավայր։ Միջավայր, որը չկառավարելու կամ չվերահսկելու պարագայում, ինքն է դառնում վերահսկողության և կառավարման սուբյեկտ։  

Լիարժեքորեն գիտակցելով բնական, սոցիալական, քաղաքական, միջազգային տարածության և ժամանակի առանձնահատկությունները՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ազգային գիտակցության ամենակազմակերպված կառուցվածք, ձգտելու է ազդել դրանց վրա՝ քանակապես և որակապես զարգացնելով ազդեցության լծակները՝ մարդկային, մշակութային, ֆինանսական, տնտեսական, իրավական, քաղաքական և այլ հնարավոր դրսևորումներով։ 

Երկիր մոլորակի վրա, իսկ հնարավորության դեպքում՝ նաև դրա սահմաններից դուրս, չպետք է լինի հայկական կամ ազգային շահին ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող որևէ գործընթաց, որևէ ուժ, որը դուրս կլինի պետականորեն կազմակերպված ազգային ներուժի վերահսկողության և ուղղորդման հնարավորությունից։

Տարածությունն ու ժամանակը գործիք, միջավայր և հնարավորություն են հայկական ազգային շահի կենսագործման համար, քանի որ հայկական ազգային շահն այն հորիզոնն է, որ անընդհատ պետք է ընդարձակել։

Ա Զ Գ Ա Յ Ի Ն   Ն Ե Ր ՈՒ Ժ        

Համապետական և համազգային ինքնագիտակցությունը գործնականում արտահայտվում է ազգային (հանրության) ներուժի գիտակցմամբ, հայտնաբերմամբ, կազմակերպմամբ և կենսագործմամբ։

Ազգային ներուժի արտահայտման ապահովման առաջամարտիկի պարտավորորությունը, մտավորականությունից զատ, ստանձնելու է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ազգային և հանրային գիտակցության ամենակազմակերպված դրսևորում։

Սա արտահայտվելու է նաև ազգային ներուժի կատարելագործմանը և արտաքին միջավայրում դրա կենսագործմանն ուղղված կազմակերպված և համակարգված աշխատանքով մի քանի մակարդակներով՝ անհատական, հասարակական, պետական և համաշխարհային։

Ազգային ներուժի կատարելագործման և արտաքին միջավայրում դրա կենսագործման աշխատանքները գիտակցելուն զուգահեռ ազգային ինքնագիտակցությունը ձևավորում է ազգային օրակարգ։    

Ա Ր Ա Ր ՈՒ Մ

Մարդու անհատական և կոլեկտիվ հնարավորությունների ընդարձակելու բնագավառում ստեղծարարությամբ պայմանավորվող առաջընթացը պետք է լինի համակեցության շարժիչ ուժը։

Համակեցություն՝ հանուն ավելի առաջադիմական ապագայի, որտեղ բարձրանում է կյանքի որակն ամեն քայլով, և աճում են մարդ անհատի, հասարակության և ազգի հնարավորությունները։

Յուրաքանչյուր առաջադիմական քայլ ավելի պետք է մեծացնի գիտության, արվեստի, տեխնոլոգիաների և մարդկային գործունեության այլ բնագավառներում արարման անհատական և հավաքական ներուժը։

Ազգային մակարդակում աճող արարման ներուժն իր արժեքով դառնալու է համամարդկային նշանակության, և ազգային մակարդակում ստեղծարարության արդյունքները դառնալու են համամարդկային մշակույթի անբաժանելի մասերը, ընդհուպ մինչև՝ հիմքերը։

Ավելի հստակ ազգային քաղաքակրթական առաքելությունն  ամբողջանում է հետևյալ բանաձևում՝ «արարում հանուն առաջընթացի», իսկ ավելի ընդարձակ՝ «ստեղծարարություն հանուն մարդու, ազգի և մարդկության առաջընթացի»    

Հ Ա Մ Ա Մ Ա Ր Դ Կ Ա Յ Ն Ա Ց ՈՒ Մ

Հայկական պետականությունն ու ազգային համակեցությունը պետք է հասնեն հասունացման այն մակարդակի, որ օրինակելի և գայթակղիչ դառնան այլ ազգերի և հանրույթների համար։

Պետականության ներքո հասարակական կյանքի կազմակերպման ու ուղղորդման արդյունավետությունը և կենսունակությունն այնքան պետք է բարձրանան, որ ազգային ներուժը լիարժեքորեն կենսագործման գործընթացում գտնվի՝ անհատական, հասարակական, պետական, ազգային և համամարդկային մակարդակներում։

Պետականության և ազգային ներուժի արդյունավետ կենսագործման և հանուն ազգային շահի հորիզոնի ընդարձակման շնորհիվ հայ ազգը դառնում է համամարդկային նշանակության ազգ այն առաքելության ուժով, որ դառնում է մարդկության մշակութային, բարոյահոգեբանական, գիտական, տեխնոլոգիական և գեղագիտական առաջընթացքի առաջամարտիկը՝ ընդարձակելով մարդկության համար հնարավորի սահմանը։

ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆ

ԱՌ ԱՅՆ, ՈՐ

  • Հայոց պետականության՝ որպես հայկական քաղաքակրթական ծիրում գտնվող և/կամ միևնույն հասարակությունում ապրող մարդկանց քաղաքական կազմակերպություն, պետք է կարողանա տարածության և ժամանակի մեջ որոշակիացնել անհատական, հասարակական, պետական և ազգային մակարդակներում հայ ազգի տնտեսական, ֆինանսական, գիտական, տեխնոլոգիական, ռազմական և հնարավոր մարդկային ներուժի այլ դրսևորումները, որից հետո կկարողանա համակարգել, կազմակերպել և ուղղորդել այն՝ դեպի ազգային շահի կենսագործում։ 
  • Պետականորեն կազմակերպված հայկական հանրությունն, ազգն ունի հորիզոնի պես ընդարձակվող նպատակ, դրան տանող ճանապարհ, իմաստավորված ժամանակ, որով պայմանավորված՝ նա ռազմավարական և մարտավարական մակարդակներում պետք է կանոնակարգի սեփական գործողությունները։ Սա պետք է արվի անհատական, հասարակական, պետական և ազգային մակարդակներում։ 
  • Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազգային ներուժի որոշակիացման, համակարգման, կազմակերպման և ուղղորդման աշխատանքներն արդյունավետ են դառնում, իսկ արտաքին և ներքին, տեսանելի և անտեսանելի  բոլոր մարտահրավերներն ավելի հեշտ հաղթահարելի են լինում միայն այն դեպքում, երբ որոշակիացված է լինում այն հանգրվանը կամ հորիզոնը, դեպի ուր գնում է ազգն՝ իր պետականությամբ, և ազգային էության քաղաքակրթական հասունացումը՝ անհրաժեշտ է ազգային առաքելության գործում հստակեցնել ազգային շահի հորիզոնը, սահմանել ռազմավարական և մարտավարական քայլեր այդ հորիզոնի ուղղությամբ ընթանալու և այն ընդարձակելու ուղղությամբ։
  • Հայ ազգի էության հասունացումն առաջին հերթին ենթադրում է նրա ստեղծարար ներուժի դրսևորման հնարավորությունների աճ և կենսագործում։ Հետևաբար ազգային առաքելությունը, որը դրսևորվում է որպես քաղաքակրթական առաքելություն, ստեծարարության ներուժի ամբողջական դրսևորումն է և այդկերպ ազգային և համամարդկային առաջընթացի ապահովումը։ Ուստի այսկերպ ազգային քաղաքակրթական առաքելության բանաձևը հստակ է դառնում «արարում հանուն առաջընթացի», իսկ ավելի ընդարձակ՝ «արարում հանուն մարդու, ազգի և մարդկության առաջընթացի»։  
  • «Արարում հանուն առաջընթացի» կամ «Արարում հանուն մարդու, ազգի և մարդկության առաջընթացի» առաքելությունն ազգային էության քաղաքակրթական հասունացումը տանելու է այն ուղղությամբ, որ այս առաքելությունը դառնա համամարդկային նշանակության առաքելություն, իսկ հայ ազգն իր կարևորությամբ՝ համամարդկային նշանակության ազգ՝ որպես հանուն մարդկության հոգևոր֊մշակութային, գիտատեխնիկական և այլ բնագավառների (էսթետոսֆերա (գեղագիտական ոլորտ) և նոոսֆերա) ներդաշնակ առաջընթացի երաշխավորման առաջամարտիկ և ամենակազմակերպված հանրույթ։
(Visited 3 times, 1 visits today)

Comments are closed.

Close Search Window